Սպառողների իրավունքների պաշտպանությունը համակարգ է, որում պետական և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող գործողությունները միտված են սպառողի և տնտեսվարող սուբյեկտի միջև իրավահարաբերությունների կարգավորմանը։
1962 թվականի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ընդունեց օրինագիծ սպառողների իրավունքների մասին, որով սպառողի տեղեկացված լինելու և ազատ ընտրության իրավունքից զատ սահմանվեց նաև սպառողի լսելի լինելու իրավունքը և, ԱՄՆ Կոնգրեսի իր ելույթում առաջին անգամ բնորոշելով «սպառող» հասկացությունը, սահմանեց սպառողի 6 հիմնարար իրավունքները՝
- Տեղեկացված լինելու իրավունք,
- Անվտանգության իրավունք,
- Ընտրության իրավունք,
- Լսելի լինելու իրավունք,
- Վնասի փոխհատուցման իրավունք,
- Սպառողական ոլորտում կրթություն ստանալու իրավունք։
Հետագայում հենց այդ օրը՝ մարտի 15-ը, ընդունվեց որպես սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Ավելի ուշ, երբ ձևավորվեց սպառողների միությունների համաշխարհային կազմակերպությունը (Consumer International — CI), սպառողների իրավունքների ցանկը համալրվեց ևս երկուսով՝
- Հիմնական պահանջմունքների բավարարման իրավունք
- Առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունք։

