Շտապելու պատճառով գնումներ կատարելիս հաճախ ուշադրություն չենք դարձնում մակնշմանը, և միայն տանն արդեն սննդամթերքն օգտագործելիս պարզում, որ վերջինս կամ թարմ չէ, կամ պարունակում է հավելում կամ ալերգեն, որի մասին նախապես տեղյակ լինելու պարագայում, պարզապես չէիք գնի այդ սննդամթերքը։ Նմանատիպ դեպքերից խուսափելու նպատակով, սննդամթերք գնելիս անպայման ուշադրություն դարձրեք մակնշմանը։
Հայաստանում իրացվող սննդամթերքը պետք է լինի մակնշված հայերեն լեզվով և ընթեռնելի, պարունակի հետևյալ տեղեկությունները․
- անվանումը,
- բաղադրությունը, իսկ կաթի և կաթնամթերքի դեպքում` տեղեկատվություն պարենային հումքի մշակման ենթարկված լինելու վերաբերյալ,
- սննդամթերքի մեջ օգտագործված սննդային հավելումների ցանկը (եթե այդպիսիք կան) և դասիչները,
- ալերգենների ցանկը, որոնք օգտագործվել են սննդամթերքի արտադրության կամ պատրաստման ժամանակ և պարունակվում են վերջնական արտադրանքում, նույնիսկ ձևափոխված տարբերակով,
- զտաքաշը կամ ծավալը,
- արտադրման ամսաթիվը,
- պիտանիության ժամկետը,
- պահման պայմանները` սահմանված արտադրողի կողմից կամ նախատեսված սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրությամբ` սննդամթերքի առանձին տեսակների համար։ Այն սննդամթերքի համար, որի որակն ու անվտանգությունը փոխվում է այն փչանալուց պաշտպանող փաթեթվածքը բացելուց հետո, նշվում են նաև այդ փաթեթվածքը բացելուց հետո պահպանման պայմանները,
- արտադրողի, ներմուծողի, վերջիններիս ներկայացուցչի անվանումը (անունը), գործունեության (բնակության) հասցեն,
- սննդամթերքի, այդ թվում` սննդամթերքի պատրաստմանը վերաբերող ցուցումներ և (կամ) սահմանափակումներ, եթե առանց տվյալ ցուցումների կամ սահմանափակումների սննդամթերքի օգտագործումը դժվարանում է կամ կարող է վնաս հասցնել սպառողների առողջությանը, հանգեցնել սննդամթերքի համային հատկությունների նվազմանը կամ կորստին,
- ծագման երկիրը,
- սննդային արժեքի ցուցանիշները` հաշվի առնելով սննդամթերքի սննդային արժեքի մակնշմանը ներկայացվող ընդհանուր պահանջները,
- խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը,
- սննդամթերքում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ ստացված բաղադրիչների առկայության մասին տվյալները։

